
2025թ․-ի հոկտեբերի 23-24-ը տեղի ունեցավ 32-րդ LIFE տեղեկատվական հարթակը։
LIFE-32-ի նպատակն էր զարգացնել երիտասարդների առաջնորդական կարողությունները, խթանել քաղաքացիական ակտիվությունը, բարձրացնել իրավագիտակցությունը, մարդու իրավունքների, պաշտպանության մեխանիզմների մասին իրազեկվածությունը, խարանի և խտրականության հանդեպ զգայունությունը, խթանել հաղորդակցությունը և ցանցերի ստեղծումը։


Հարթակի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ՝
«Խարան և խտրականություն» թեմայի շրջանակներում փորձագետ Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց խարան և խտրականություն հասկացությունները, եզրույթները, դրանց միջև առկա տարբերությունները և կապը, խտրականության հիմնական տեսակները, խտրականության արգելքի հետ կապված տեղական և միջազգային կարգավորումները, անդրադարձ կատարեց հասարակությունում տիրող կարծրատիպերին, հաղթահարման մեթոդներին ու մեխանիզմներին։ Քննարկվեց խարանի, խտրականության, կարծրատիպերի, ատելության խոսքի ազդեցությունը խոցելի խմբերի վրա, վիկտիմիզացիան, դրանց դեմ պայքարի և հավասարության ապահովման կարևորությունը հասարակական կյանքում։
«Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» թեմայի շրջանակներում փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց մարդու իրավունքների հասկացությունը, տեղական և միջազգային պաշտպանության միջոցները, միջազգային կոնվենցիաները: Քննարկվեցին «Մարդու իրավունքներ և ազատություններ» հասկացությունները, պաշտպանության ունիվերսալ մեխանիզմները։


Փորձագետ, խորհրդատու Լևոն Չիլինգարյանը մասնակիցներին ծանոթացրեց, թե ինչ է ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը, փոխանցման ուղիները և կանխարգելման մեթոդները։
Փորձագետ Գրիգոր Երիցյանը ներկայացրեց «Առաջնորդություն և ակտիվիզմ» թեման, որի շրջանակներում մասնակիցները ուսումնասիրեցին առաջնորդության հիմնական սկզբունքները և արդյունավետ հանրային ներգրավման գործիքները։ Գրիգոր Երիցյանը մասնակիցներին ծանոթացրեց նաև միջազգային երիտասարդական փոխանակումներին, երիտասարդական աշխատանքին, առկա ծրագրերին և հնարավորություններին։
Հարթակը ամփոփեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և հետաքրքիր քննարկման համար՝ հույս հայտնելով, որ հարթակի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն նորանոր նախաձեռնությունների, կխթանեն ակտիվ ներգրավվածություն հասարակական կյանքում՝ հանուն հանդուրժողական ու ներառական հասարակության ձևավորման։
Տեղեկատվական հարթակի արդյունքում մասնակիցները ամփոփեցին ձեռք բերված գիտելիքները և քննարկեցին դրանց կիրառման հնարավորությունները իրենց համայնքներում։
Հարթակը նպաստեց մասնակիցների միջև փորձի փոխանակմանը, համագործակցության կապերի ձևավորմանը և երիտասարդական նախաձեռնությունների խթանմանը։


LIFE-32 տեղեկատվական հարթակը իրականացվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդների հզորացմանը, նրանց ներգրավմանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և ժողովրդավարական արժեքների տարածմանը, հասարակության բոլոր խմբերի համար հավասարության և ներառականության խթանմանը։

Տարածել:
