
2026 թ. ապրիլի 16-17-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ 34-րդ LIFE տեղեկատվական հարթակը, որը մեկտեղել էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդներին՝ նրանց կարողությունները զարգացնելու, մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները խորացնելու և ներառական քաղաքացիական մասնակցությունը խթանելու նպատակով։
Հարթակի նպատակներն էին․
- Զարգացնել երիտասարդների առաջնորդության և ակտիվիզմի հմտությունները
- Խթանել քաղաքացիական մասնակցությունն ու ներգրավվածությունը հանրային կյանքում
- Բարձրացնել իրազեկվածությունը մարդու իրավունքների և պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ
- Խորացնել գիտելիքները խարանի, խտրականության և վնասակար կարծրատիպերի մասին
- Բարձրացնել իրազեկվածությունը հոգեներգործուն նյութերի, մեթադոնային փոխարինող բուժման, թրաֆիքինգի, նախազգուշական, կանխարգելման միջոցների վերաբերյալ
- Աջակցել հաղորդակցությանը, գործընկերային ցանցերի ստեղծմանը և գիտելիքների փոխանակմանը։



Հարթակը մեկնարկեց «Դիգնիթի» մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի բացման խոսքով։ Նա ողջունեց մասնակիցներին՝ ընդգծելով երիտասարդների առաջնորդության կարևոր դերը հավասարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում, ինչպես նաև նման հարթակների նշանակությունը համայնքային ակտիվության խթանման համար։
Իր խոսքում նա կարևորեց նաև երիտասարդներին անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով ապահովելը՝ խարանի և խտրականության, թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարելու, իրավագիտակցությունը բարձրացնելու և իրավունքների պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելու համար։ Սերգեյ Գաբրիելյանը խրախուսեց մասնակիցներին ակտիվ ներգրավվել դասընթացներին, կիսվել փորձով և լիարժեք օգտվել հարթակի ընձեռած ուսուցողական և համագործակցության հնարավորություններից։



Բացման խոսքից, ծանոթությունից փորձագետ Աննա Ասատրյանը մասնակիցներին կարևոր տեղեկատվություն ներկայացրեց թմրամիջոցների, մեթադոնային փոխարինող բուժման վերաբերյալ։
Այնուհետև իրավական փորձագետ Շուշան Խնկոյանը ներկայացրեց «Մարդու իրավունքներ․ պաշտպանության մեխանիզմներ» թեման՝ մասնակիցներին ծանոթացնելով մարդու իրավունքների հիմունքներին, ազգային և միջազգային պաշտպանության մեխանիզմներին, ինչպես նաև հիմնական կոնվենցիաներին, որոնք ապահովում են իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։
Հաջորդեց «Խարան և խտրականություն» թեմայի ներկայացումը փաստաբան Անահիտ Մկրտչյանի։ Նա ներկայացրեց հիմնական հասկացությունները, կիրառման եղանակները՝ անդրադառնալով ուղղակի և անուղղակի խտրականությանը, վիկտիմիզացիային, ասոցացված խտրականությանը և սեգրեգացիային։
Հարթակի երկրորդ օրը մեկնարկեց «Առաջնորդություն և ակտիվիզմ» թեմայով։ Թեմայի շրջանակներում ներկայացվեց, թե ինչ է առաջնորդությունը, ինչով է տարբերվում առաջնորդը ղեկավարից, որոնք են առաջնորդության տեսակները, ինչո՞ւ է կարևոր առաջնորդությունը, ինչպես է ազդում կյանքերի վրա և ինչ փոփոխություններ է բերում։
Այնուհետև, մասնակիցները ծանոթացան «Թրաֆիքինգ» թեմային՝ մարդկանց թրաֆիքինգին և Հայաստանում դրա տարածվածությանը, թրաֆիքինգի ցուցիչներին և նախազգուշական նշանների մասին, թրաֆիքինգի զոհերին հասանելի ռեսուրսներին։



Հարթակն ամփոփվեց «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի եզրափակիչ խոսքով։ Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, փորձագետներին և գործընկերներին՝ վստահեցնելով, որ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն նոր երիտասարդական նախաձեռնությունների, քաղաքացիական մասնակցության ամրապնդման և ներառական ու անխտրական հասարակության ձևավորմանը։
Մասնակիցները ամփոփեցին ստացած գիտելիքները և քննարկեցին դրանց կիրառման գործնական քայլերը համայնքներում։ Հարթակը նպաստեց․
- Փորձի փոխանակմանը
- Նոր համագործակցային ցանցերի ձևավորմանը
- Երիտասարդների նախաձեռնողականության ուժեղացմանը
- Իրավագիտակցության, խարանամերժ մոտեցումների և առաջնորդության մասին գիտելիքների մեծացմանը
LIFE-34 տեղեկատվական հարթակը ևս մեկ անգամ ցույց տվեց երիտասարդության առանցքային դերը ժողովրդավարական արժեքների խթանման և այնպիսի ներառական հասարակության ձևավորման գործում, որտեղ հավասարությունն ու արժանապատվությունը պաշտպանված են բոլորի համար։

LIFE-34 տեղեկատվական հարթակը իրականացվել է «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի կողմից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
Տարածել:
