
12 Փտվ. 2026
Գլոբալ հիմնադրամի և առողջապահության նախարարության ներկայացուցիչների այցը ԴԻԳՆԻԹԻ
2026 թվականի փետրվարի 11-ին ԴԻԳՆԻԹԻ Մարդասիրական ՀԿ գրասենյակ էին այցելել ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեպ պայքարի Գլոբալ Հիմնադրամի (ԳՀ) ներկայացուցիչները։
Այցի ընթացքում ՀԿ-ի թիմը Գլոբալ հիմնադրամի տարածաշրջանային պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային ներկայացրեց ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները և առկա մարտահրավերները։ Քննարկումը ընթացավ բաց և գործնական ձևաչափով՝ անդրադառնալով ոչ միայն արդյունքներին, այլև համակարգային խնդիրներին։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ներկայացուցիչները, ինչը հնարավորություն տվեց քննարկումները տեղափոխել առավել համակարգային հարթություն՝ համադրելով պետական և քաղաքացիական հասարակության մոտեցումները և հստակեցնելով պատասխանատվությունների շրջանակները։
Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների վրա կառուցված կանխարգելման ծրագրերին՝ ընդգծելով, որ արդյունավետ հանրային առողջապահական արձագանքը հնարավոր է միայն խտրականության բացառման, հավասար հասանելիության և թիրախ խմբերի արժանապատիվ ներգրավվածության պայմաններում։
Առանձնահատուկ քննարկվեց ծառայությունների շարունակականության ապահովման հարցը՝ հատկապես փոփոխվող սոցիալական և ֆինանսական միջավայրում։ ԴԻԳՆԻԹԻԻ թիմը ներկայացրեց նաև ծառայությունների մատուցման խոչընդոտներն ու բացերը՝ ներառյալ խարանն ու խտրականությունը, ծառայությունների հասանելիության սահմանափակումները, ինչպես նաև իրավական և սոցիալական միջավայրի ազդեցությունը թիրախ խմբերի վրա։ Քննարկվեցին հնարավոր լուծումներ և հետագա համագործակցության ուղղությունները։



Այցի շրջանակում պատվիրակությունը այցելեց նաև Երևանի ԴրոփԻն կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի առօրյա գործունեությանը, ծառայությունների մատուցման գործընթացին և զրուցեց կենտրոնի այցելուների հետ։
Հանդիպումը հնարավորություն տվեց անմիջականորեն լսելու ծառայություններից օգտվողների կարծիքները, գնահատականներն ու առաջարկությունները, ինչպես նաև քննարկելու ծառայությունների որակի, հասանելիության և շարունակականության ապահովմանն ուղղված հետագա քայլերը։
Այցը կարևոր քայլ էր գործընկերային համագործակցության ամրապնդման, ծրագրերի կայունության ապահովման և ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների զարգացման ուղղությամբ։
Տարածել:












