
13 Հլս. 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Աղբյուր» ճամբարում արձանագրված դեպքերը պահանջում են անկախ քննություն և պատասխանատվության ապահովում
«Դիգնիթի» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը խորը մտահոգությամբ է հետևում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ամառային հանգստի ծրագրի շրջանակներում «Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաների վերաբերյալ հանրայնացված տեղեկություններին։
Հրապարակված տեսանյութերը, լուսանկարները և ծնողների բազմաթիվ վկայությունները հիմք են տալիս ենթադրելու, որ երեխաները կարող էին գտնված լինել այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանել երեխաների առողջության, անվտանգության, սանիտարահիգիենիկ և արժանապատիվ հանգստի համար օրենքով և միջազգային չափանիշներով սահմանված նվազագույն պահանջներին։
Եթե հրապարակված փաստերը հաստատվեն, ապա խոսքը կարող է վերաբերվել ոչ միայն ծառայությունների ոչ պատշաճ կազմակերպմանը, այլև երեխաների հիմնարար իրավունքների հնարավոր խախտմանը։
Հատկանշական է, որ տվյալ ծրագրի շահառուները եղել են առավել խոցելի խմբերի երեխաներ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, ծնողազուրկ երեխաներ և զոհված զինծառայողների երեխաներ։ Պետությունն այս երեխաների նկատմամբ կրում է իրավական պարտավորություն՝ ապահովելու նրանց կյանքի, առողջության, անվտանգության, արժանապատիվ վերաբերմունքի և լավագույն շահի պաշտպանությունը։
Երեխաների անվտանգությունն ու արժանապատվությունը չեն կարող դառնալ վարչարարական անփութության կամ ոչ արդյունավետ վերահսկողության զոհ։
Սոցիալական խոցելիությունը երբեք չպետք է վերածվի ցածրորակ ծառայություն ստանալու պատճառի։
Յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալական կարգավիճակից, ունի անվտանգ, առողջ, արժանապատիվ և զարգացնող միջավայրում հանգստանալու իրավունք։ Այդ իրավունքի ապահովումը պետության սահմանադրական, օրենսդրական և միջազգային իրավական պարտավորությունն է, որի ցանկացած խախտում պետք է ստանա ամբողջական իրավական գնահատական և հանգեցնի օրենքով նախատեսված պատասխանատվության։
ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածը երաշխավորում է երեխայի իրավունքների պաշտպանությունը և պետության պարտականությունը՝ ապահովելու երեխայի լիարժեք զարգացումը։
Նույն պահանջները բխում են նաև երեխաների իրավունքների Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից ևս։
Առանձնակի մտահոգիչ է այն հանգամանքը, որ միայն ծնողների բողոքներից, լրատվամիջոցների հրապարակումներից և հանրային լայն արձագանքից հետո երեխաները տեղափոխվել են այլ ճամբարներ, որտեղ, ըստ ծնողների և երեխաների, արդեն ապահովվել են պատշաճ պայմաններ։
Այս հանգամանքը հիմնավոր հարցեր է առաջացնում պետական վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը և իրավասու պետական մարմիններին՝
- Անհապաղ նախաձեռնել անկախ, օբյեկտիվ և համակողմանի քննություն՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
- Հրապարակել ծառայողական քննության ամբողջական արդյունքները՝ ապահովելով հանրային թափանցիկությունը։
- Տալ իրավական գնահատական ինչպես հնարավոր խախտումներին, այնպես էլ պետական վերահսկողության արդյունավետությանը։
- Բացահայտել և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնատար անձանց և կազմակերպություններին, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով վտանգվել են երեխաների իրավունքները։
- Վերանայել պետական ֆինանսավորմամբ մանկական ճամբարների ընտրության և ֆինանսավորման ամբողջ համակարգը։
- Սահմանել ճամբարների պարտադիր անկախ սերտիֆիկացում և նախնական աուդիտ մինչև երեխաների ընդունումը։
- Ներդնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անկախ մշտադիտարկման մեխանիզմներ, որը կգործի նման ծրագրերի ամբողջ ընթացքում։
- Ապահովել, որպեսզի պետական ֆինանսավորմամբ գործող բոլոր մանկական ճամբարների վերաբերյալ ստուգումների արդյունքները լինեն բաց և հասանելի հանրությանը։
Տարածել:





