.webp)
08 Հլս. 2026
Ազատազրկված անձանց կարողությունների զարգացման հերթական դասընթացը տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «ՆՈւԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ում
2026թ․ի հուլիսի 8-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի (Դիգնիթի) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման հերթական դասընթացը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Դասընթացների շարքի նպատակն է տեղեկատվական կրթական դասընթացների միջոցով զարգացնել ՀՀ ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց կարողությունները և առաջնորդությունը ՄԻԱՎ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի ոլորտներում, տրամադրել կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր։
Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Ավալյանը, ով ընդգծեց ՀՀ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կրթական և կարողությունների զարգացման նախաձեռնությունների դերը։ Իր խոսքում նա անդրադարձավ մասնակիցների ակտիվ ներգրավվածության և առաջնորդության ձևավորման կարևորությանը, մաղթեց արդյունավետ աշխատանք և ձեռք բերված գիտելիքների կիրառություն ինչպես անձնական, այնպես էլ համայնքային մակարդակներում։
.webp)
.webp)
|
Դասընթացի առաջին երկու թեմաները՝ «ՄԻԱՎ և ՁԻԱՀ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում և հակառետրովիրուսային բուժում» և «Հեպատիտներ», ներկայացրեց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հերմինե Հովակիմյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց փոխանցման ուղիները, կանխարգելման միջոցառումները, վաղ ախտորոշման և բուժման կարևորությունը՝ պատասխանելով նաև մասնակիցների հարցերին։ |
|
|
Այնուհետև, Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնի բժիշկ-ֆթիզիատր Նաիրա Խաչատրյանը ներկայացրեց «Տուբերկուլոզ» թեման՝ անդրադառնալով հիվանդության փոխանցման ուղիներին, հիմնական ախտանիշներին և կանխարգելման միջոցառումներին։ Նա կարևորեց տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման նշանակությունը։
|
|
|
Դասընթացի հաջորդ հատվածում «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նարկոլոգ Աննա Ասատրյանը ներկայացրեց հոգեներգործուն նյութերի և թմրամիջոցների օգտագործման հետևանքները, վնասի նվազեցման մոտեցումները, ինչպես նաև մեթադոնային փոխարինող բուժման ծրագրերի նշանակությունն ու դրանց դերը հանրային առողջության պահպանման գործում։
|
|
|
Դասընթացի ավարտին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի փաստաբան Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «Առողջության իրավունք․ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը ազատազրկված անձանց շրջանում» թեման։ Նա խոսեց ազատազրկված անձանց առողջության իրավունքի պաշտպանության մեխանիզմների, ազգային ու միջազգային երաշխիքների, ինչպես նաև առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունների և առկա խնդիրների մասին։
|
Դասընթացի ավարտին կազմակերպվեց հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ներկայացված թեմաներն ու ստանալու լրացուցիչ պարզաբանումներ։ Ամփոփվեցին դասընթացի հիմնական կետերը և մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։ Այնուհետև, անցկացվեցին անհատական խորհրդատվություններ, որոնց շրջանակում մասնակիցները ստացան մասնագիտական աջակցություն և պատասխաններ իրենց մտահոգող հարցերին։
Դասընթացների շարքն իրականացվում է «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն կողմից՝ համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության, քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հետ՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն« ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։
Տարածել:


.webp)









