
22 Մյս. 2026
Դասընթացավարների վերապատրաստման դասընթացի եզրափակիչ օրը
Տեղեկացված և ակտիվ երիտասարդություն՝ ժողովրդավարական մասնակցության շարժիչ ուժ․ դասընթացավարների վերապատրաստման դասընթացի եզրափակիչ օրը
2026 թվականի մայիսի 22-ին դասընթացավարների վերապատրաստման 3-օրյա դասընթացի վերջին օրն էր։
Դասընթացի երրորդ՝ վերջին օրը նվիրված էր ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության թեմային՝ ընդգծելով երիտասարդների կարևոր դերը հանրային կյանքում, որոշումների կայացման գործընթացներում և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում։ Օրվա հիմնական նպատակն էր խթանել երիտասարդների ակտիվ և տեղեկացված մասնակցությունը հասարակական ու քաղաքական գործընթացներին, հատկապես Հայաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Օրվա փորձագետ Անահիտ Չիլինգարյանը ներկայացրեց երիտասարդների ներգրավվածության կարևորությունը ժողովրդավարական գործընթացներում, ընտրություններին մասնակցության նշանակությունը, ինչպես նաև համայնքային և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով փոփոխություններ իրականացնելու հնարավորությունները։
Քննարկվեցին նաև երիտասարդների ձայնի և մասնակցության դերը ավելի ներառական և ժողովրդավարական հասարակության կառուցման գործում։


Մասնակիցները ինտերակտիվ քննարկումների և խմբային աշխատանքների միջոցով անդրադարձան քաղաքացիական ակտիվության տարբեր ձևերին, առաջնորդության հմտություններին, համայնքային խնդիրների բարձրաձայնման և համատեղ լուծումների մշակման մեխանիզմներին։ Նրանք նաև ներկայացրեցին իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները, որոնք կարող են հետագայում իրականացվել իրենց համայնքներում՝ երիտասարդների մասնակցությունը խթանելու նպատակով։
Դասընթացի ավարտին մասնակիցները ամփոփեցին երեք օրերի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը՝ ընդգծելով մեդիագրագիտության, ապատեղեկատվության կանխարգելման և ժողովրդավարական մասնակցության փոխկապակցվածությունը։ Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին իրենց համայնքներում շարունակել կրթական և իրազեկման աշխատանքները՝ նպաստելով տեղեկացված, պատասխանատու և ակտիվ երիտասարդության ձևավորմանը Հայաստանում։


Դասընթացն իրականացվել է ԴԻԳՆԻԹԻ-ի կողմից «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում՝ New Democracy Fund-ի ֆինանսական աջակցությամբ։
Տարածել:












