
11 Փտվ. 2026
Human Rights Watch-ի զեկույցը Հայաստանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ (2025)
Մարդու իրավունքների խախտումների մոնիտորինգի, հետազոտման և փաստաթղթավորման ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը՝ Human Rights Watch-ը, հրապարակել է Հայաստանի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը, որը ներկայացնում է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական մարտահրավերներն ու համակարգային խնդիրները։
Զեկույցի առանձին բաժինը վերաբերում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ու արտահայտման հիմքով խտրականության, բռնության, քրեական արդարադատության համակարգի արձագանքի և առնչվող այլ հիմնախնդիրների վերլուծությանը՝ ներկայացնելով ոլորտում արձանագրված միտումներն ու իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները։ Նշված բաժնում ներառվել են նաև «Դիգնիթի» Մարդասիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացված փաստահավաք և փաստաթղթավորման աշխատանքների արդյունքում հավաքագրված նյութերը։
Արձանագրված հիմնական իրավական խնդիրներն են՝
- Իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանք
խտրական վերաբերմունքը և իրավապահ մարմինների անգործությունը կամ չարաշահումները ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանգեցնում են նրան, որ տուժողները հաճախ ձեռնպահ են մնում հաղորդումներ ներկայացնելուց։ - Քրեական օրենսդրության բացեր
ՀՀ քրեական օրենսգիրքը սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը չի ճանաչում որպես հանցագործությունների ծանրացուցիչ հանգամանք, ինչը խոչընդոտում է իրավապաշտպանության արդյունավետությանը։ - Օրենսդրական խտրական դրույթներ
Նույնասեռականությունը շարունակում է դասակարգվել որպես հոգեկան խանգարում, ինչը կիրառվում է զինվորական ծառայությունից ազատման համար և ստեղծում է խտրական ռիսկեր զբաղվածության ու առողջապահության ոլորտներում։ - Ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքեր
արձանագրվել են ընտանեկան բռնության, ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքեր, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների և այլ անձանց կողմից։
Այս տվյալները վկայում են, որ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության և բռնության կանխարգելման, ինչպես նաև տուժողների իրունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է կատարելագործել օրենսդրական կարգավորումները և ամրապնդել իրավակիրառ պրակտիկան։
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն շարունակելու է՝
- հավաքագրել և փաստագրել ԼԳԲՏ անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալները,
- տրամադրել իրավաբանական աջակցություն և խորհրդատվություն տուժած անձանց,
- բարձրաձայնել համակարգային խնդիրները պետական և միջազգային կառույցներում,
- աջակցել օրենսդրական բարեփոխումներին և դրանց կիրառման արդյունավետության գնահատմանը։
Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Human Rights Watch – Armenia 2025
Տարածել:












