
20 Փտվ. 2026
Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը հաստատել է մասնագիտական էթիկայի խախտումը ԻՀԱԿ բժշկի կողմից
2025 թվականի դեկտեմբերին «Դիգնիթի» մարդասիրական ՀԿ-ին դիմել է շահառու Ա․Ա․-ն (անունը փոփոխված է)՝ տեղեկացնելով, որ ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելում (PrEP) ստանալու նպատակով 2025թ. դեկտեմբերի 3-ին այցելել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԻՀԱԿ) Աճառյան մասնաճյուղ, որտեղ արժանացել է խտրական և ոչ հարգալից վերաբերմունքի բժշկի կողմից։
Արձանագրված խախտումները
Շահառուի հաղորդմամբ՝
- Բժիշկը կոպիտ և ոչ մասնագիտական տոնով արձագանքել է սպասման վերաբերյալ հարցին։
- Հնչեցվել են խտրական ենթատեքստ ունեցող արտահայտություններ՝ առնչվող շահառուի սեռական կողմնորոշմանը։
- Օգտագործվել է հեգնական և նվաստացնող վերաբերմունք։
- Միջանցքում բարձրաձայն հնչեցվել են վիրավորական արտահայտություններ։
- Բացահայտվել են բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ։
- Ներքին կոդավորումները քննարկվել են բանավոր՝ երրորդ անձանց ներկայությամբ։
Շահառուն ծառայությունից կարողացել է օգտվել միայն վարչական միջամտությունից հետո։
Իրավական ընթացքը
«Դիգնիթի» ՀԿ-ն շահառուին տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն։
Ա․Ա․-ի կողմից բողոքներ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն և Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողովին /այսուհետ նաև Հանձնաժողով/։
2026թ. հունվարի 21-ին Հանձնաժողովի կողմից հարուցվել է վարույթ։
Կազմակերպվել են երկու լսումներ՝ շահառուի, բուժաշխատողի և այլ պատասխանատու անձանց մասնակցությամբ։
Հանձնաժողովի որոշումը
2026թ. փետրվարի 17-ին Հանձնաժողովը հաստատել է մասնագիտական էթիկայի կանոնի խախտման փաստը՝ արժանապատվությունը հարգելու պարտականության մասով։
Միաժամանակ արձանագրվել են համակարգային խնդիրներ ԻՀԱԿ-ում, այդ թվում՝
- խտրական և պիտակավորող բառապաշարի կիրառում խոցելի խմբերի նկատմամբ,
- բժշկական գաղտնիքի պահպանման ոչ բավարար մեխանիզմներ,
- ՄԻԱՎ-ի հետ կապված ծառայությունների տրամադրման պայմաններում տվյալների ակամա բացահայտման ռիսկեր,
- գաղտնիության լրացուցիչ երաշխիքների բացակայություն սպասարկման կազմակերպման գործընթացում։
Հանձնաժողովը առաջարկել է՝
- բուժաշխատողի նկատմամբ կիրառել աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված նկատողություն, անցկացնել մասնագիտական էթիկայի վերապատրաստում,
- ԻՀԱԿ-ի կողմից ներդնել համակարգային բարեփոխումներ՝ ուղղված բժշկական գաղտնիքի պահպանմանը, հուզական այրման կանխարգելմանը և ծառայությունների կազմակերպման բարելավմանը։
Որոշման եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման բուժաշխատողների ռեգիստրում՝ օրենքով սահմանված կարգով։
«Դիգնիթի» ՀԿ-ի դիրքորոշումը
Մենք կարևորում ենք, որ արձանագրվել է ոչ միայն անհատական խախտումը, այլև համակարգային խնդիրները։
ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունները պետք է լինեն անվտանգ, խտրականությունից զերծ և լիարժեք գաղտնիության պայմաններում հասանելի բոլոր քաղաքացիների համար։ Խտրական վերաբերմունքը առողջապահական համակարգում ոչ միայն խախտում է մարդու իրավունքները, այլ նաև նվազեցնում է կանխարգելիչ ծառայությունների արդյունավետությունը։
«Դիգնիթի» ՀԿ-ն շարունակելու է իրավական և հանրային գործիքներով պաշտպանել շահառուների իրավունքները և հետևողականորեն բարձրացնել համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը։
Տարածել:












