
22 Ապր. 2026
«Դիգնիթի»-ի միջամտությամբ վերականգնվել են աշխատողի աշխատանքային իրավունքները
2026 թվականի ապրիլի 9-ին քաղաքացի Ա․-ն դիմել է «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ /Դիգնիթի/՝ տեղեկացնելով, որ շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է աշխատանքի, սակայն գործատուի հետ գրավոր աշխատանքային պայմանագիր չի կնքվել։
Դիմողի հաղորդմամբ՝ վերջին օրերին աշխատավայրում գործընկերների կողմից իրեն ուղղվել են հարցեր իր սեռական կողմնորոշման վերաբերյալ, ինչից հետո ձևավորվել է խտրական վերաբերմունք․ վերջիններս սկսել են խուսափել շփումից, ինչն էապես ազդել է աշխատանքային միջավայրի վրա։
Նշված հանգամանքների պայմաններում Ա․-ն ցանկություն է հայտնել դադարեցնել աշխատանքային հարաբերությունները, սակայն գործատուի կողմից նրան տեղեկացվել է, որ աշխատանքից ազատվելու դեպքում ինքը պարտավոր է վճարել տուգանք։
Դիգնիթիի իրավաբանը կապ է հաստատել գործատուի հետ, քննարկվել է ՀՀ Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը։ Քննարկման արդյունքում Ա․-ի և գործատուի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ ապահովելով աշխատանքային հարաբերությունների իրավական ձևակերպումը։
Դրանից հետո Ա․-ն սահմանված կարգով ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում, սակայն աշխատանքային հարաբերությունների դադարեցումից հետո գործատուն հրաժարվել է տրամադրել վերջնահաշվարկը։
Դիգնիթիի իրավաբանի կրկնակի միջամտությունից հետո գործատուն կատարել է օրենքով սահմանված պարտավորությունը և տրամադրել վերջնահաշվարկը։
Դիգնիթի ՀԿ-ն ընդգծում է, որ գործատուները պարտավոր են ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը, ներառյալ՝ աշխատանքային պայմանագրերի պատշաճ ձևակերպումը, վերջնահաշվարկի ժամանակին իրականացումը, ինչպես նաև խտրականությունից և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից զերծ աշխատանքային միջավայրի երաշխավորումը։
Տարածել:












