
21 Փտվ. 2026
Չհայտարարված մոնիթորինգային այց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
2026 թվականի հունվարի 30-ին Դիտորդների խումբը՝ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի ղեկավարությամբ, իրականացրել է չհայտարարված մոնիթորինգային այց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Այցի ընթացքում Խմբի անդամների մուտքը հիմնարկ չի ապահովվել Դիտորդների խմբի գործունեության կարգին համապատասխան, որը հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով։ Դիտորդները շուրջ 20 րոպե սպասել են հիմնարկի տարածք մուտք գործելու համար, ինչը հակասում է կարգով սահմանված անարգել մուտքի սկզբունքին և քաղաքացիական վերահսկողության արդյունավետ իրականացման տրամաբանությանը։
Դիտորդների խմբի գործունեությունը հիմնված է ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի դրույթների, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի վրա:
Վերոնշյալ միջադեպի և արձանագրված այլ խոչընդոտների վերաբերյալ պաշտոնական գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարությանը։ Նախարարության պատասխանով հանձնարարվել է քրեակատարողական հիմնարկների համապատասխան ծառայողներին կրկին իրազեկել Դիտորդների խմբի իրավասությունների և անարգել մուտքի ապահովման պարտավորության մասին։
Մոնիթորինգային այցի ընթացքում արձանագրվել են նաև առողջապահական բնույթի խնդիրներ։
Մասնավորապես՝
- Ազատազրկված Ն․Կ․-ն հայտնել է, որ օրեր շարունակ ունեցել է սրտի շրջանում սուր ծակոցներ և շնչառության դժվարացում։
- Ազատազրկված Ա․Ա․-ն հայտնել է, որ ամիսներ շարունակ չի իրականացվել իր հետազոտությունը Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից և չի տրամադրվել անհրաժեշտ դեղորայք։
ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստացված պատասխան գրության համաձայն՝ ըստ ամբուլատոր բժշկական քարտի գրառումների, Ն․Կ․-ն սրտաբանի կողմից չի զննվել, քանի որ սիրտ-անոթային համակարգի գանգատներով չի դիմել, իսկ ստորաբաժանման բժշկական անձնակազմին ոտքի վիճակի վատացման կապակցությամբ չի դիմել, և անոթաբանի խորհրդատվության անհրաժեշտություն չի արձանագրվել։
Մոնիթորինգային այցի ընթացքում Խմբի անդամները զրուցել են նաև տեղամասային հերթապահ բժշկի հետ, ով հաստատել է ազատազրկվածի կողմից ներկայացված գանգատների առկայությունը և դրանց բովանդակությունը։
Ազատազրկված անձանց պատշաճ և ժամանակին բժշկական օգնության ապահովումը հանդիսանում է պետության անմիջական պարտականություն՝ բխող թե՛ ազգային օրենսդրությունից, թե՛ միջազգային պարտավորություններից։
Դիտորդների խումբը վերահաստատում է, որ քրեակատարողական համակարգում հասարակական վերահսկողության իրականացումը և ազատազրկված անձանց առողջության իրավունքի լիարժեք ապահովումը իրավական պարտավորություններ են, և ակնկալում է պետական լիազոր մարմինների լիարժեք համագործակցություն մարդու իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով։
Դիտորդների Խմբի գրություն
ՀՀ արդարդատության նախարարության պատասխան գրություն
ՀՀ առողջապահության նախարարության պատասխան գրություն
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն 2012թ-ից հանդիսանում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իսկ 2024թ-ից՝ նաև համակարգող կազմակերպություն։
Տարածել:












