
29 Հնվ. 2026
Իրավունքները պետք է գործեն, ոչ թե մնան թղթի վրա
2026 թվականի հունվարի 23-ին «Դիգնիթի»-ի FriendlYerevan DropIn կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց-քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց մարդու ընդհանուր իրավունքներին, ինչպես նաև Հայաստանում այս տարի ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի վերաբերյալ կարևոր հարցերին։
Դասընթացը վարեց իրավաբան Շուշան Խնկոյանը։ Միջոցառումն իրականացվեց հիմնականում հարց ու պատասխան ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին բարձրաձայնել իրենց մտահոգությունները, ստանալ հստակ պարզաբանումներ և քննարկել իրական իրավիճակներ, որոնց բախվում են առողջապահական համակարգում։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին՝
- քաղաքացիների ընդհանուր իրավունքները,
- առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակը և գործարկման առանձնահատկությունները,
- ապահովագրության հետ կապված սպասումները և խնդիրները,
- պետության պարտավորությունները առողջապահության ոլորտում։
Քննարկումները հիմնված էին մասնակիցների անձնական փորձի վրա։ Շատ հարցեր վերաբերում էին բուժօգնության հասանելիությանը, ծառայությունների որակին և իրավական պաշտպանության հնարավորություններին։
Դասընթացի ավարտին մասնակիցներից մի քանիսը գրանցվեցին անհատական իրավաբանական խորհրդատվության համար՝ իրենց անձնական դեպքերը ավելի մանրամասն քննարկելու նպատակով։
Միաժամանակ, ներկայացվեցին նաև «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները, որոնք ուղղված են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, կարողությունների զարգացմանը և սոցիալական աջակցությանը։
Տեղեկացված մարդ՝ պաշտպանված իրավունք
Այսպիսի դասընթաց–քննարկումները նպաստում են իրավագիտակցության բարձրացմանը և մարդկանց վստահության ամրապնդմանը, որ իրենց իրավունքները կարող են գործել ոչ միայն օրենքում, այլ նաև իրական կյանքում։
Տարածել:












