
20 Մյս. 2026
Դասընթացավարների վերապատրաստման 3-օրյա դասընթացի մեկնարկ
Տեղեկացված երիտասարդություն՝ ուժեղ ժողովրդավարության հիմք․ դասընթացավարների վերապատրաստման 3-օրյա դասընթացի մեկնարկ
2026 թվականի մայիսի 20-ին մեկնարկեց դասընթացավարների վերապատրաստման 3-օրյա դասընթացը, որն իրականացվում է «Դիգնիթի» Մարդասիրական հասարակական կազմակերպության (ԴԻԳՆԻԹԻ) կողմից «Իմ ձայնը կարևոր է․ երիտասարդների ներառական, ժողովրդավարական մասնակցությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին» ծրագրի շրջանակներում՝ New Democracy Fund-ի ֆինանսական աջակցությամբ։
Դասընթացին մասնակցում են երիտասարդներ և ակտիվիստներ Հայաստանի տարբեր մարզերից, որոնք առաջիկայում իրենց համայնքներում իրականացնելու են տեղեկատվական և կրթական հանդիպումներ երիտասարդների համար։
Նպատակն է Հայաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ բարձրացնել մասնակիցների գիտելիքներն ու կարողությունները ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, մեդիա գրագիտության և ապատեղեկատվության կանխարգելման թեմաների շուրջ, ինչպես նաև պատրաստել դասընթացավարների, ովքեր ձեռք բերված փորձն ու հմտությունները կփոխանցեն մարզային երիտասարդությանը՝ ՝ խթանելով տեղեկացված, պատասխանատու և ներառական մասնակցություն ժողովրդավարական գործընթացներում։
Դասընթացի առաջին օրը նվիրված էր մեդիագրագիտությանը։
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց ժամանակակից տեղեկատվական միջավայրի առանձնահատկությունները, սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման մեխանիզմները, կեղծ լուրերի և մանիպուլյատիվ բովանդակության ճանաչման գործիքները։ Մասնակիցները նաև գործնական աշխատանքների միջոցով զարգացրեցին տեղեկատվության ստուգման և վերլուծության հմտությունները։
Դասընթացի հաջորդ օրերին մասնակիցները ծանոթանալու են ապատեղեկատվության կանխարգելման և ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության թեմաներին՝ ուսումնասիրելով ապատեղեկատվության ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների և հանրային կարծիքի ձևավորման վրա, խոսելով քննադատական մտածողության կարևորությունից և պատասխանատու տեղեկատվական վարքագծից, ժողովրդավարական գործընթացներում, ընտրություններում մասնակցության կարևորությունից, ինչպես նաև համայնքային և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով փոփոխություններ իրականացնելու հնարավորություններից։
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև զարգացնել թիմային աշխատանքի, հաղորդակցման և դասընթացների վարման գործնական հմտություններ։
ԴԻԳՆԻԹԻ-ն շարունակում է իր գործունեությունը՝ ուղղված երիտասարդների հզորացմանը, ներառական ժողովրդավարական արժեքների տարածմանը և ակտիվ քաղաքացիական մասնակցության խթանմանը Հայաստանում, հատկապես երկրում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Տարածել:












