
03 Հլս. 2026
«ԴԻԳՆԻԹԻ»-ի միջամտությամբ վերականգնվել է առողջապահական ծառայությունների հասանելիությունը
2026 թվականի հունիսի 11-ին «Դիգնիթի» ՀԿ է դիմել ՀՀ քաղաքացի Ա․Վ.-ն՝ հայտնելով, որ հանդիսանում է համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի շահառու, սակայն փաստացի զրկված է եղել ապահովագրությամբ նախատեսված առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Համակարգում արտացոլվել է, որ վերջինս չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, քանի որ, իբր, վերջին 12 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում չի բնակվել 180 և ավելի օր, ինչի հետևանքով նրա նկատմամբ կիրառվել էր համապատասխան սահմանափակում։
Դիմումի ուսումնասիրության շրջանակում «Դիգնիթի» ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանի կողմից դիմողին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն՝ ներկայացնելով նրա իրավունքները և խնդրի լուծման հնարավոր իրավական մեխանիզմները։ Միաժամանակ, խնդրի փաստական հանգամանքները պարզելու և շահառուի իրավունքի իրացմանն աջակցելու նպատակով կապ է հաստատվել Համընդհանուր առողջապահական ապահովագրության հիմնադրամի հետ։
Հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում իրականացվել է դիմողի տվյալների ճշտում, որի ընթացքում պարզվել է, որ համակարգում առկա է եղել տեխնիկական բնույթի անճշտություն։ Մասնավորապես, հաստատվել է, որ դիմողը երբևէ չի լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ համակարգում արտացոլված տեղեկատվությունը չի համապատասխանել փաստական տվյալներին։ Արդյունքում, ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ սխալի վերացման և շահառուի տվյալների շտկման ուղղությամբ։
Տեխնիկական խնդրի վերացումից հետո վերականգնվել է դիմողի՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակներում նախատեսված առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը, և վերջինս հնարավորություն է ստացել օգտվելու իրեն հասանելի բժշկական ծառայություններից՝ առանց լրացուցիչ խոչընդոտների։
Նման դեպքերը ևս մեկ անգամ փաստում են, որ վարչարարական կամ տեխնիկական բնույթի սխալները կարող են հանգեցնել անձանց իրավունքների սահմանափակման, ուստի դրանց արագ հայտնաբերումը, համապատասխան մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը և իրավական աջակցությունը կարևոր նշանակություն ունեն անձանց իրավունքների լիարժեք իրացման ապահովման գործում։
Շնորհակալություն ենք հայտնում Համընդհանուր առողջապահական ապահովագրության հիմնադրամին՝ խնդրին արագ արձագանքման, արդյունավետ համագործակցության և շահառուի իրավունքի վերականգնման գործընթացում ցուցաբերած աջակցության համար։
Տարածել:












