
22 Հլս. 2026
Ազատազրկված անձանց դասընթացների շարքի երրորդ դասընթացը տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում
2026թ․-ի հուլիսի 22-ին «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի (Դիգնիթի) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման դասընթացների շարքի երրորդ դասընթացը։
Դասընթացների շարքի նպատակն է տեղեկատվական կրթական հանդիպումների միջոցով զարգացնել ՀՀ ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց կարողությունները և առաջնորդությունը ՄԻԱՎ-ի, հեպատիտների, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի ոլորտներում, տրամադրել կրթատեղեկատվական նյութեր։
Դասընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունեց «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Ավալյանը՝ ընդգծելով քրեակատարողական հիմնարկներում կրթական նախաձեռնությունների կարևորությունը և դրանց ներդրումը առողջության պահպանման ու գիտելիքահեն միջավայրի ձևավորման գործում։ Նա մասնակիցներին կոչ արեց ակտիվորեն ներգրավվել քննարկումներում և կիրառել ստացած գիտելիքները առօրյա կյանքում։


| Ողջույնի խոսքերից հետո, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Յուլյա Մանուկյանը մասնակիցներին ներկայացրեց ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտների վերաբերյալ թեմաները։ Անդրադարձ կատարվեց փոխանցման ուղիներին, կանխարգելման մեթոդներին, վաղ ախտորոշման և ժամանակակից բուժման հնարավորություններին։ | |
|
Տուբերկուլոզի վերաբերյալ թեման ներկայացրեց Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնի բժիշկ-ֆթիզիատր Նաիրա Խաչատրյանը։ Նա ներկայացրեց հիվանդության հիմնական ախտանիշները, փոխանցման առանձնահատկությունները և կանխարգելման արդյունավետ միջոցները՝ կարևորելով ժամանակին հայտնաբերման և բուժման նշանակությունը։ |
|
|
«Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նարկոլոգ Աննա Ասատրյանը խոսեց հոգեներգործուն նյութերի օգտագործման հետևանքների, վնասի նվազեցման մոտեցումների և մեթադոնային փոխարինող բուժման ծրագրերի դերի մասին՝ որպես առողջության պահպանման կարևոր միջոց։
|
|
|
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի փաստաբան Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց ազատազրկված անձանց առողջության իրավունքի իրացման մեխանիզմները, առողջապահական ծառայությունների հասանելիության հետ կապված հարցերն ու գործող իրավական երաշխիքները։ |
Դասընթացն ավարտվեց ակտիվ հարցուպատասխանով և քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Այնուհետև, մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ, ինչպես նաև տրամադրվեցին անհատական խորհրդատվություններ։
Դասընթացների շարքն իրականացվում է «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության, քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հետ՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն« ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։
Տարածել:





.webp)

.webp)




